Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ո՞Ւմ է պետք Վիկտոր Դալլաքյանը

Ո՞Ւմ է պետք Վիկտոր Դալլաքյանը
12.10.2016 | 08:58

Վիկտոր Դալլաքյանը նորից հեռանում է ՀՀԿ-ից՝ սա նշանակում է, որ ապագա ԱԺ-ում նրան բարձր մակարդակով հրաժարվել են մանդատ տալ ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակով: Միայն այդ փաստը կարող էր պատճառ լինել հրաժարվելու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, որին այդքան էլ հեշտ չէր հասել: Ասուլիսում Վիկտոր Դալլաքյանն ասել է.

«Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Երկրորդ՝ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, երրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Համապատասխան ձևաչափի մասին ես լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ: Չորրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսօրվա իմ ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»: Ընդունեք, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալու տարօրինակ սկիզբ է՝ ինչո՞ւ պիտի հրաժարական տված պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին վտանգ սպառնա ու պատասխանատուն լինի Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ պիտի հրաժարական տված պաշտոնյայի հայտարարությունները լինեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ուշադրության առարկա: Կիսաակնարկների, դավադրության տեսությունների, տարատեսակ մուտիլովկաների նախաբանո՞վ է Վիկտոր Դալլաքյանը սկսում հերթական քաղաքական վերադարձը:

Մի՞թե դաշտում կա դրա պակասը: Ի՞նչ է դա նրան տալու, սեփական անձը հանրությանը հետաքրքիր դարձնելու այլ տարբերակ չկա՞: Պատկերացնո՞ւմ եք դեսպանների վիճակը, եթե նման հայտարարություն անեն բոլոր պաշտոնանկվածները՝ վարչապետը, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, վարչությունների պետերը: Ո՞Ւր կհասնի:
Ինչո՞ւ Վիկտոր Դալլաքյանը քաղաքականությամբ չէր զբաղվում անցած չորս տարիներին: ՀՀԿ-ն խանգարո՞ւմ էր: Թե՞ նախագահի աշխատակազմում լինելն էր խանգարում: Անկախ նրանից, թե ինչ է նա հայտարարում ու ինչ է պատրաստվում հետո հայտարարել՝ տեղեկատվությունը մասերի բաժանված ներկայացնելով՝ օրվա լրահոսում մնալու համար, պարզ է, որ հրապարակային գործընթացներում Վիկտոր Դալլաքյանը մեծ հնարավորություններ չունի: Գործող կուսակցություններից որևէ մեկին անդամակցելն անիմաստ է՝ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտում: Նոր կուսակցություն ստեղծելու և այդ կուսակցությունով հաջողության հասնելու համար նրան պետք է նախ փող, հետո՝ ժամանակ: Եթե բացի քաղաքականություն վերադառնալու ցանկությունից պարզվի, որ Վիկտոր Դալլաքյանը նաև մեծ օլիգարխ է ու ֆինանսական կապիտալն ուզում է քաղաքականի վերածել, հարցեր չկան: Եթե փողը նրան տրվել է, ուրեմն նա կատարելու է պատվիրատուի կամքը: Ո՞վ կարող է լինել նոր կուսակցության պատվիրատու՝ առանց այդ էլ հագեցած քաղաքական դաշտում, որտեղ գործող կուսակցությունների մեծ մասն անելիք չունի:


Եթե Վիկտոր Դալլաքյանը պետք չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, պատվիրատուին մնում է որոնել Հայաստանից դուրս: Արևմուտքի՞ն, թե՞ Ռուսաստանին է նա պետք: Դատելով իր հայացքներից ու անցած տարիների գործունեությունից՝ ոչ մի կողմին: Առավել ևս, որևէ կողմը նրան ֆինանսավորելու մտադրություն հազիվ թե ունենա: Հայաստանում կատարվում են իրադարձություններ, որոնց ամփոփ պատկերի մեջ բաց է մնում նախկինների հարցը: Ինչո՞վ են նրանք զբաղվելու և ինչո՞վ են նրանց զբաղեցնելու: Եթե Վիկտոր Դալլաքյանը պետք է ինչ-որ նպատակով, նպատակը միայն դա կարող է լինել: Այլ հարց է, թե նրանք ինչ վերաբերմունք կունենան ու ինչ նպատակներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կուսակցական կարիերայի հարցը մեծ հարցական է ինքնին, նույնքան հարցականի տակ է, թե նա ինչո՞ւ պիտի կուսակցություն ստեղծի Վիկտոր Դալլաքյանի հետ: Իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, միավորվեն, ինքնազբաղվածության խնդիր են լուծելու միասին:


Որ Վիկտոր Դալլաքյանի մեջ խոսում է ավելի շատ իր անձը, քան քաղաքական գործիչը, վկայում է նաև այն փաստը, որ ասուլիսում նա նորից հիշել է՝ ինչու ու ինչպես պատգամավոր չդարձավ ու մեղադրել է Էդմոն Մարուքյանին: Իսկ Հայաստանին պարտադրված աշխարհաքաղաքական արհեստական ընտրության մասին խոսակցությունը այս պարագայում դատարկ խոսք է: Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակը նրան տանում է մի դաշտ, որտեղ նա անելիք չունի: Պարզապես նախագահականում «փակված» Վիկտոր Դալլաքյանը չի նկատել, որ երկրում Սահմանադրություն է փոխվել և վերացել է խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը:

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ